«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը ներդրել է նոր՝ «ԳՈՐԾԱՐԱՐ» և «ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՄԻԿՐՈվարկ» բիզնես վարկատեսակները
12.06.2015

«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը Ասիական Զարգացման Բանկի հետ համատեղ ծրագրով այսուհետ կտրամադրի մատչելի բիզնես վարկեր՝ նպաստելով Հայաստանի Հանրապետությունում միկրո, փոքր և միջին ձեռներեցության զարգացմանը: Ծրագրի շրջանակներում Ընկերությունը առանձնահատուկ կխրախուսի ձեռներեցությամբ զբաղվող կանանց: 

«Ասիական Զարգացման Բանկի հետ համատեղ իրականացվող ծրագիրը մեզ հնարավորություն ընձեռեց ներդնել նոր և հասանելի «ԳՈՐԾԱՐԱՐ» և «Ձեռնարկատիրական ՄԻԿՐՈվարկ» բիզնես վարկատեսակները: Նոր վարկատեսակները, ինչպես  «ԿԱՄՈՒՐՋ»-ի կողմից ներկայացված  մնացած պրոդուկտները, առավելագույնս հաշվի են առնում մեր հաճախորդների կարիքներն ու պահանջմունքները: «ԳՈՐԾԱՐԱՐ» և «Ձեռնարկատիրական ՄԻԿՐՈվարկ» բիզնես վարկատեսակները տրամադրվում են ՀՀ դրամով՝ ընդամենը 14% տոկոսադրույքով և նախատեսում են արտոնյալ՝ դադարի ժամկետներ, որոնք թույլ են տալիս հաճախորդներին վարկի գումարի մարումներն իրականացնել անհատական ժամանակացույցով՝ հարմարեցված իրենց բիզնեսի սեզոնայնությանը», - նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ-միկրովարկավորման բլոկի ղեկավար Արփինե Արշակյանը:

«Ծրագրի շրջանակներում, վարկատեսակների տրամադրման գործընթացը հեշտացնելու, ճշգրիտ թիրախավորում կատարելու նպատակով, մենք` Ասիական Զարգացման Բանկի համապատասխան մասնագետների հետ համատեղ, մշակել ենք ուղեցույց, որը կօգնի մեր վարկային մասնագետներին օպտիմիզացնել վարկի տրամադրման գործընթացը:

Վստահ եմ, որ այս նոր վարկատեսակները ոչ միայն կխթանեն մեր երկրում ձեռներեցության զարգացմանը և կանանց ներգրավվածությանը միկրո, փոքր և միջին ձեռներեցության ոլորտում, այլև, ունենալով բնապահպանական և սոցիալական բաղադրիչներ, կնպաստեն շրջակա միջավայրի պաշտպանությանը և սոցիալական խնդիրների լուծմանը», - հավելեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ-միկրովարկավորման բլոկի ղեկավար Արփինե Արշակյանը:         

 

Վերադառնալ