«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը ամփոփել է 2015-ի ֆինանսական ցուցանիշները
16.02.2016

«ԿԱՄՈՒՐՋ»  վարկային կազմակերպությանը հաջողվել է 2015 թվականը ամփոփել շուրջ 370   միլիոն ՀՀ դրամ շահույթով: 2015 թվականի արդյունքներով Ընկերության ակտիվները կազմել են 15.6 միլիարդ ՀՀ դրամ, իսկ վարկային պորտֆելը՝ գրեթե 12 միլիարդ ՀՀ դրամ:

«Չնայած այն հանգամանքին, որ 2015 թվականը բավականին բարդ տարի էր ողջ ֆինանսական համակարգի համար, «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը, շնորհիվ անձնակազմի միահամուռ, հետևողական աշխատանքի և ռիսկերի կառավարման ճշգրիտ  մեխանիզմների, կարողացավ տարին ամփոփել զգալի՝ շուրջ 370  միլիոն ՀՀ դրամ, շահույթով: Մեզ հաջողվեց նաև պահպանել Ընկերության վարկային պորտֆելի ծավալը՝ 2015թ. ընթացքում տրամադրելով ավելի քան 8,7 մլրդ ՀՀ դրամի վարկ:

2015-ը առանձնացավ նաև նրանով, որ «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը, 4 այլ վարկային կազմակերպությունների  հետ միասին («Գառնի Ինվեստ», «Նոր Հորիզոն», «Գլոբալ Կրեդիտ», «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»), «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ ակտիվ օժանդակությամբ մասնակցեց «Վարկային պորտֆելի արժեթղթավորման հիմնադրամ I»-ի ստեղծմանը, որն էլ  2016-ի հունվար ամսին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում առաջին անգամ տեղաբաշխեց պարտատոմսեր՝  ապահովված նշված ՈՒՎԿ-ների վարկային ակտիվներով: Տվյալ ֆինանսական գործիքի օգնությամբ ֆինանսական միջոցների ներգրավումը նորարարություն էր ամբողջ ֆինանսական շուկայի համար: «ԿԱՄՈՒՐՋ»-ը մեծապես կարևորում է ֆինանսական նոր գործիքների ներդրումը Հայաստանի ֆինանսական շուկայում:

Տեղաբաշխումը կատարվել է ըստ պլանավորվածի, որը շատ կարևոր հանգամանք է, քանի որ վկայում է նաև մեր ապրանքանիշի հանդեպ վստահության մասին: Ընդ որում, արժեթղթավորված վարկային պորտֆելի մեջ ամենամեծ մասնաբաժինը պատկանում է հենց «ԿԱՄՈՒՐՋ»-ին՝ շուրջ 400 մլն ՀՀ դրամի ընդհանուր գումարով: Մասնակցելով արժեթղթավորման ծրագրին՝ ԿԱՄՈՒՐՋ ՈՒՎԿ-ն նպատակ ունի ֆինանսավորում ստանալ կապիտալի շուկայից երկարաժամկետ դրամային միջոցների տեսքով, որը, կարծում եմ, հետագա կայուն զարգացման ամենակարևոր գրավականներից է լինելու»,- նշեց «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ Արա Աղայանը:

Վերադառնալ