«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը սկսել է նոր՝ «Ջերմացնող» վարկատեսակի տրամադրումը
19.09.2015

«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը «Հաբիթաթ Ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի հետ համագործակցությամբ Գեղարքունիք, Սյունիք և Շիրակ մարզերի հաճախորդներին առաջարկում է նոր՝ «Ջերմացնող» դրամային վարկեր՝ արևային ջրատաքացուցիչների կիրառումը խթանելու նպատակով:

Այս մարզերի ընտրությունը պատահական չէ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ Գեղարքունիք, Սյունիք և Շիրակ մարզերն առանձնանում են արևային առավելագույն օրերի քանակի և միավոր քառակուսի մետրին ընկնող արևային էներգիայի բարձր չափերով, ինչը կխթանի արևային ջրատաքացուցիչների բարձր արդյունավետությամբ կիրառումը:

Վարկերը տրամադրվում են 200 հազարից մինչև 1 մլն ՀՀ դրամի չափով, առանց գրավի և առանց ամսական սպասարկման վճարների, 17% տարեկան տոկոսադրույքով, մինչև 3 տարի մարման ժամկետով՝ որից մինչև 27 ամիսը արտոնյալ՝ դադարի ժամկետ:

«Մենք համագործակցում ենք Հայաստանում այդ ոլորտում բավական հայտնի մի շարք ներկրող և տեղական արտադրությամբ զբաղվող ընկերությունների հետ՝ Արփի Սոլար, Դիկոնդ, Էկոսիսթեմս, Էկոֆուէլ և Շտիգեն, որոնք մեր հաճախորդներին կառաջարկեն առավել մատչելի գներով և բարձր որակական ցուցանիշներով արևային ջրատաքացուցիչների տեսականի: Միևնույն ժամանակ «Հաբիթաթ Ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի մասնագետները պատրաստ են տրամադրելու անվճար խորհրդատվություն արևային ջրատաքացուցիչների ճիշտ ընտրության և հետագա օգտագործման հարցերում: Կարծում եմ այս վարկատեսակը հետզհետե մեծ պահանջարկ կունենա մեր հաճախորդների շրջանում»,-նշեց «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Վարդանյանը:

«Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը նշեց, որ իրենց հիմնադրամը կարևորում է ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար այլընտրանքային էներգիայի օգտագործման հնարավորությունների ստեղծումը: Դա թույլ կտա զգալիորեն նվազեցնել կոմունալ վճարները: 

Վերադառնալ