«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-Ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
18.03.2026

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) ցուցակված ընկերությունների շարքն այսօր համալրում է ֆինանսավարկային ոլորտում մասնագիտացված «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն։ Ընկերությունը զբաղվում է գյուղատնտեսության ֆինանսավորմամբ՝ աջակցելով միկրո և խոշոր ֆերմերային տնտեսություններին, իրականացնում է ձեռնարկատիրական վարկավորում՝ բիզնեսի զարգացման նպատակով, ինչպես նաև տրամադրում է հիփոթեքային և բնակարանային պայմանների բարելավման վարկեր, սպառողական վարկեր:


Այսօր բորսայում տեղի ունեցավ ավանդական զանգի հնչեցման արարողությունը, և ազդարարվեց ընկերության մուտքը կապիտալի շուկա:

Ներդրողները  արդեն մարտի 18-ից  հնարավորություն կունենան մասնակցելու «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին՝ դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին։ 


«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերը՝ ընդհանուր 1,000,000,000  ՀՀ դրամ անվանական ծավալով, ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։ Կցուցակվեն 20,000 հատ պարտատոմս՝ 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 12․5% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36 ամիս շրջանառության ժամկետով։ Այս պարտատոմսերով հնարավոր է լինելու նաև իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։ 

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2026 թվականի փետրվարի 3-ին Հայաստանի ֆոնդային բորսայի օպերատորի տեղաբաշխման հարթակի միջոցով՝ Դայմենշն ընկերության միջնորդությամբ։

 

Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է.

««ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի մուտքը կապիտալի շուկա նշանակալի քայլ է ընկերության հետագա զարգացման ճանապարհին։ Մենք բարձր ենք գնահատում ընկերության պատրաստակամությունը՝ ընդլայնելու իր ֆինանսական գործիքակազմը։ Սա ոչ միայն վկայում է ընկերության գործունեության կայունության մասին, այլև խթանում կապիտալի շուկայի ակտիվացումը՝ օրինակ ծառայելով այն ընկերությունների համար, որոնք ձգտում են գործել թափանցիկ և հաշվետու պայմաններում»։


 «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրեն Ալեքսանդր Տերյանը նշել է.

«Հայաստանի ֆոնդային բորսա մուտք գործելը կարևոր քայլ է մեր ընկերության զարգացման համար և հնարավորություն կտա ընդլայնել ֆինանսավորման աղբյուրները։ Մենք ձգտում ենք առաջարկել հաճախորդների կարիքներին համապատասխան, պարզ և հասանելի ֆինանսական ծառայություններ, որոնք կնպաստեն տնտեսական ակտիվության աճին և ֆինանսական ծառայությունների հասանելիության բարձրացմանը»:


«ԿԱՄՈՒՐՋ»-ն իր գործունեությունը սկսել է 1998 թվականին և արդեն ավելի քան  28 տարվա ընթացքում սպասարկել է շուրջ 200 հազար ընտանիքի՝ կարևոր դեր ունենալով Հայաստանում փոքր ձեռներեցության և ֆերմերային տնտեսությունների զարգացման գործում։ Ընկերությունը գործում է թափանցիկության և միջազգային լավագույն փորձի սկզբունքներով՝ առաջարկելով հաճախորդների կարիքներին համապատասխան վարկային լուծումներ։ Պարտատոմսերի թողարկման միջոցով ներգրավված ֆինանսական միջոցները ընկերությունը նախատեսում է ուղղել վարկային պորտֆելի ընդլայնմանը, մասնավորապես՝ փոքր ձեռներեցության և ֆերմերային տնտեսությունների ֆինանսավորմանը, ինչը թույլ կտա դիվերսիֆիկացնել ընկերության ֆինանսական աղբյուրները և հաճախորդներին առաջարկել առավել մատչելի ու հասանելի վարկային պրոդուկտներ։

 


Վերադառնալ