«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը ներդրել է 2 նոր՝ հիփոթեքային վարկատեսակ
10.02.2017

    «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը, «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի հետ համագործակցությամբ, ներդրել է 2 նոր՝ հիփոթեքային վարկատեսակ, որոնցից մեկն ուղղված է բնակարանային էներգաարդյունավետ վարկավորմանը, իսկ մյուսը՝ մարզերում բնակելի անշարժ գույքի ձեռքբերմանը, կառուցապատմանը և վերանորոգմանը:


    ««ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը, այսուհետ, բոլոր այն անձանց, ովքեր   կցանկանան բարձրացնել իրենց բնակելի անշարժ գույքի էներգաարդյունավետության ցուցանիշը կամ ձեռք բերել/կառուցապատել էներգաարդյունավետ բնակելի անշարժ գույք, կընձեռի հնարավորություն ստանալ վարկ՝  մինչև 25 մլն ՀՀ դրամի սահմաններում՝ 12%-13% տոկոսադրույքով, 5-15 տարի ժամկետով, առանց վարկի սպասարկման վճարի:

    Միաժամանակ, Ազգային Հիփոթեքային Ընկերության հետ համագործակցության սահմաններում մենք վարկավորելու ենք բոլոր այն անձանց, ովքեր կցանկանան վերանորոգել կամ ձեռք բերել/կառուցապատել Երևան քաղաքից դուրս գտնվող բնակելի անշարժ գույք:    

     Տվյալ վարկատեսակի առավելություններից է հանդիսանում այն հանգամանքը, որ վարկառուի վարկունակությունը գնահատելիս մենք հաշվի ենք առնելու ոչ միայն գրանցված եկամուտները, այլ նաև գյուղատնտեսությունից ստացված եկամուտները և վարկի մարումները հարմարեցնելու ենք Հաճախորդի կողմից ստացվող եկամուտներին՝ հաշվի առնելով գյուղատնտեսության սեզոնայնությունը: Տվյալ վարկերը ևս տրամադրվելու են ավանդական հիփոթեքային վարկերի համեմատ մեկ տոկոսային կետ ցածր տոկոսադրույքով։ Ավելին, մարզերում անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման, կառուցապատման նպատակով մինչև 2 մլն. ՀՀ դրամ գումարի չափով վարկերը տրամադրվելու են առանց անշարժ գույքի գրավադրման։


      Մենք վստահ ենք, որ նման համագործակցությունը մեր հաճախորդներին կընձեռի հնարավորություն բարելավելու իրենց բնակարանային պայմանները՝ միաժամանակ նվազեցնելով կոմունալ ծախսերը՝ էներգաարդյունավետության բարձրացման միջոցով, ինչպես նաև կխթանի մարզերում հիփոթեքային վարկավորման շուկան»,- նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հիփոթեքային և սպառողական վարկավորման բաժնի ղեկավար Էդգար Դավթյանը:


Վերադառնալ