«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ իրականացրել է կարկտահարությունից տուժած բոլոր հաճախորդների վարկերի պայմանների վերանայում
17.07.2013

     «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն, հավատարիմ մնալով իր սոցիալական առաքելությանն ու մատչելի գյուղատնտեսական վարկավորում իրականացնելու քաղաքականությանը, ինչպես 2010թ., այնպես էլ այս տարի ձեռք մեկնեց մայիսի 12 կարկտահարությունից տուժած իր բոլոր հաճախորդներին: Ընկերությունը, ձգտելով չխորացնել գյուղացիների ֆինանսական բեռը, և մեղմել սոցիալական լարվածությունը, ինչպես նաև պայմաններ ստեղծել վարկերի ընթացիկ և անխափան մարման համար, այս անգամ ևս որոշեց սեփական շահույթի հաշվին կատարել վարկային պարտավորությունների բազմակողմանի վերակառուցում:

     «ԿԱՄՈՒՐՋ»-ը վերանայել է վարկերի էական պայմանները, հաշվի առնելով յուրաքանչյուր համայնքում կարկտահարության աստիճանը և կարկուտից վարկառուի փաստացի կրած վնասի չափը: Ընդ որում Ընկերությունը գյուղերում կազմակերպված բազմաթիվ հանդիպումների ընթացքում լսել է բոլոր գյուղացիների խնդրանքները և առաջարկները վարկային պայմանների վերանայման վերաբերյալ, և հաշվի է առել բոլորի ցանկությունները և ֆինանսական հնարավորությունները:

     2013 թվականի մայիսի 12-ի ուժեղ կարկտահարության արդյունքում բավական լուրջ վնասներ կրեցին ընկերության ավելի քան 1000 հաճախորդներ: «ԿԱՄՈՒՐՋ»-ը անմիջապես կազմեց աշխատանքային խումբ, որը կարկտահարությունից տուժած հաճախորդների հետ անհատական հանդիպումների և քննարկումների արդյունքում մշակեց վարկային պարտավորությունների վերանայման ճկուն մոդելներ: Հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացված այդ միջոցառումների արդյունքում Արմավիրի և Արագածոտնի մարզերի թվով 28 համայնքների 1036 հաճախորդների համար, վերջիններիս խնդրանքներին համապատասխան, կատարվեցին վարկերի պայմանների անհրաժեշտ բարելավումները: Արդյունքում վերանայված վարկային պորտֆելի չափը գերազանցեց 750 մլն դրամը» - ասաց «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ խորհրդի նախագահ Արա Աղայանը:

     Ընկերության և կարկուտից տուժած վարկառուների միջև հունիս-հուլիս ամիսներին կնքվեցին լրացուցիչ համաձայնագրեր և դրանցով սահմանվեցին վարկային պայմանների հետևյալ էական փոփոխությունները.

1. Վարկերի մարման ժամկետները երկարաձգվել են 1-2 տարով՝ կախված վարկառուների կողմից մշակվող մշակաբույսերի և ծառերի վերականգնման ժամկետներից և այլընտրանքային եկամտի աղբյուրների առկայությունից

2. Վարկերի տոկոսադրույքները էապես նվազեցվել են՝ հաշվի առնելով տվյալ գյուղական համայնքում վարկառուների կարկուտից տուժելու աստիճանը և հետևանքները

3. Վարկերի գործողության ամբողջ ժամանակահատվածում չեն գանձվելու որևէ միջնորդավճարներ, վարկերի սպասարկման վճարներ:

4. Որոշ դեպքերում մի քանի ամսով հետաձգվել (տեղափոխվել) են տոկոսների վճարումները՝ հաշվի առնելով կոնկրետ վարկառուների մոտ առկա ծանր սոցիալական պայմանները և տվյալ պահին մարումներ կատարելու անհնարինությունը

5. Բոլոր վերանայված պայմաններին, այն է՝ տոկոսների նվազեցումները, միջնորդավճարներ և տույժեր չգանձելը, տրվել է հետադարձ ուժ և դրանք սկսել են գործել հունիսի 1-ից:

     Բացի վերը նշվածից, Ընկերությունը պատրաստակամություն է հայտնել մյուս տարվա գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի ժամանակ կրկին լրացուցիչ վարկավորել այն վարկառուներին, որոնք կկատարեն վերակառուցված վարկային պարտավորությունները:

     

Վերադառնալ