3 հարց www.tert.am պորտալից
17.03.2014
 
     1. Արմավիրի մարզի կարկուտից տուժած մի խումբ գյուղացիներ բողոքում են, որ որոշ վարկային կազմակերպություններ, այդ թվում նաև «ԿԱՄՈՒՐՋ»-ը, իրենց այս տարի վարկեր չեն տրամադրում՝ պատճառաբանելով, որ իրենք դեռ սառեցված վարկեր ունեն: Արդյոք նման խնդիր կա:

      Նման խնդիր չկա:

     «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն Հայաստանի այն ֆինանսական կազմակերպություններից է, որը իրական և զգալի աջակցություն ցուցաբերեց 2013 թվականի Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին՝ սեփական եկամտի հաշվին մեղմացնելով կարկտահարությունից տուժած հաճախորդների վարկերի մարման պայմանները:

     Արմավիրի մարզի շուրջ 26 համայնքների գրեթե 1000 հաճախորդների համար, համաձայն հաճախորդների խնդրանքների, կատարվել են վարկերի պայմանների անհրաժեշտ բարելավումներ:

     Մասնավորապես` վարկերի տոկոսադրույքները էապես նվազեցվել են՝ շուրջ 600 առավել տուժած հաճախորդների համար տոկոսադրույքը նվազեցվել է 5 տոկոսային կետով, ավելի քան 200 հաճախորդների համար, ովքեր ավելի քիչ էին տուժել կարկուտից` 3 տոկոսային կետով:

     Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա, վարկային պարտավորությունների վերակազմավորման շրջանակներում, վարկերի մարման ժամկետները երկարաձգվեցին 1–2 տարով։

     Կարևոր է նաև նշել, որ նշված վարկերի գործողության ամբողջ ժամանակահատվածում որևէ միջնորդավճար կամ վարկի սպասարկման վճար չի գանձվում, որոշ դեպքերում մի քանի ամսով հետաձգվել (տեղափոխվել) են տոկոսավճարները:

     Նշեմ նաև, որ «Կամուրջը» միակ վարկային կազմակերպությունն էր, ով կարկուտից տուժած համայնքներում աջակցեց ոչ միայն հողագործներին, այլ նաև անասնապահներին, ձեռնարկատերերին, ինչպես նաև սպառողական նպատակներով վարկ ստացած հաճախորդներին:


    2. Եթե կազմակերպության կողմից կարկուտից տուժած արմավիրցիներին մերժվում է վարկեր տրամադրել, ապա խնդրում եմ ներկայացնել պատճառները:

      Մերժման պատճառները նույնն են բոլոր հաճախորդների համար՝ անկախ մարզից:

Վարկի մերժման պատճառները կարող են լինել բազմաթիվ և բազմապիսի: Վարկի մերժման պատճառ  կարող է հանդիսանալ հավակնորդի ոչ բավարար վարկունակությունը և վարկարժանությունը:

Ինչպես ես արդեն նշեցի, կարկուտից տուժելու պատճառաբանությամբ վարկերի տրամադրման մերժումներ չեն եղել:

 

      3. Գյուղացիների հետ նախորդ վարկերը սառեցնելու պայմաններում ինչպե՞ս է կարգավորվում հաջորդիվ վարկեր ստանալու գործընթացը:

      «ԿԱՄՈՒՐՋ»-ի կողմից գյուղացիներին տրամադրված վարկերը չեն սառեցվել, այլ համատեղ անհատական քննարկումների և համաձայնության արդյունքում փոփոխվել են վարկերի մարման ժամկետները, սպասարկման վճարները, տոկոսադրույքները և վճարների կատարման ժամանակացույցը՝ համապատասխանեցնելով մարումները նրանց համար ավելի հարմար և իրատեսական պայմաններին:

     Տվյալ համայնքներում Ընկերությունը կիրականացնի լրացուցիչ վարկավորում: Ներկայումս այդ ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ՝ հաշվի առնելով կարկուտից տուժած վարկառուների կարիքները, ինչպես նաև վարկունակությունը:

 

     Հարցերին պատասխանեց՝

     «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրեն՝ Գագիկ Վարդանյանը

Վերադառնալ