Վարկային պատմության և վարկային սքորի էությունն ու բարելավման ուղղությունները



Վարկային պատմության Էությունը


   Վարկային պատմությունը հաճախորդի ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ամբողջությունն է, որը ցույց է տալիս վերջինիս ֆինանսական պարտավորությունների կամ դրանց կատարման պատմությունը:


Վարկային պատմության մեջ ներառվում են հարցման պահին նախորդող 5 տարիների վերաբերյալ տվյալները, և այն ձևավորվում է` անձի ստացած ֆինանսավորումներից, այդ թվում՝


 դրանց քանակից և գումարից

 յուրաքանչյուր ֆինանսավորման գումարից, տեսակից, ժամկետներից, դրա գծով վարկատուի կողմից կիրառվող անվանական տոկոսադրույքից

 ֆինանսավորման ապահովում հանդիսացող գրավների վերաբերյալ տեղեկատվությունից

 վարկից բխող մարումների կատարման պարտաճանաչությունից (օրինակ` ժամանակին են վճարվել տոկոսներն ու մայր գումարը, թե՝ ոչ)

• այլ անձանց տրամադրված երաշխավորություններից, դրանց քանակից և գումարից, յուրաքանչյուր երաշխավորությամբ ապահովված վարկի տեսակից, ժամկետներից և գրավների վերաբերյալ տեղեկատվությունից

• ֆինանսավորումների և երաշխավորությունների գծով ժամկետանց օրերի/գումարների առկայությունից, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքներից

 չվճարված կամ ուշացված կոմունալ վճարներից

 

Վարկային պատմությունը չի պարունակում անձնական բնույթի տվյալներ, ինչպես օրինակ անձի էթնիկական պատկանելիություն, կրոնական և քաղաքական հայացքներ, սոցիալական վիճակ և այլն:

 

Վարկային պատմության մեջ սխալների ու թերությունների հայտնաբերման դեպքում պարզաբանման և ուղղման նպատակով հաճախորդները կարող են այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին:

 

Վարկային պատմության վերաբերյալ առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով հետևյալ կայքեր`

www.abcfinance.am

www.acra.am

 

 

Վարկային սքորի էությունը

 

   Վարկային սքոր գնահատականը ցուցանիշ է, որը ձևավորվում է վարկային պատմության հիման վրա և ցույց է տալիս՝ որքանով է տվյալ անձը պարտաճանաչ որպես վարկառու:

Սքոր գնահատականի հիման վրա կարող է որոշվել հաճախորդի վարկավորման հնարավոր սահմանաչափը, ժամկետը և այլ պայմաններ կոնկրետ վարկատեսակի համար։ Վարկային սքորը տալիս է վարկառուի վարկային ռիսկի (վարկարժանության) թվային գնահատականը՝ որպես սպառողական կրեդիտավորման ռիսկի մակարդակի չափորոշման առանցքային գործիք:  


Վարկ ունեցած չլինելու պարագայում անձը չի կարող ունենալ նաև սքոր գնահատական:

 

«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ն վարկի տրամադրման որոշման կայացման հարցում կիրառում է Ֆայկո սքոր և սեփական սքորինգային համակարգը։

 

Սքոր գնահատականների վրա ազդող գործոններից են՝


 հաճախորդի վարկային պատմությունը

 գործող վարկերի գումարը և քանակը

• նոր վարկային հայտ ներկայացնելու հաճախականությունը

 վարկերի հերթական վճարումներն առանց ուշացումների իրականացնելը և այլն

 

 

Վարկային սքորի էության վերաբերյալ առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով հետևյալ կայքեր՝ 

www.abcfinance.am

www.acra.am


 

Վարկային պատմության և սքոր գնահատականի բարելավման քայլերը

 

    Վարկային պատմությունը և սքոր գնահատականը հնարավոր է բարելավել՝ շտկելով դրանք վատթարացնող հիմնական պատճառները, դրսևորելով պարտաճանաչ վարքագիծ և ճիշտ կառավարելով վարկային բեռն՝ այն համադրելով ընթացիկ եկամուտների հետ․ մասնավորապես՝ հարկավոր է՝


 առկայության դեպքում մարել գործող ժամկետանց պարտավորությունները, այդ թվում՝ ապահովելով գործող երաշխավորությունների գծով առկա ժամկետանց պարտավորությունների մարումը

 թեթևացնել վարկային բեռը` մասամբ կամ ամբողջությամբ մարելով գործող վարկերը կամ առկայության դեպքում նվազեցնելով գործող երաշխավորությունների քանակը և գումարը

 գործող վարկերի գծով վճարումներն իրականացնել գրաֆիկին համապատասխան և թույլ չտալ դրանց գծով պարտավորությունների կատարման ուշացումներ

• վերահսկել գործող երաշխավորությունների գծով մարումների իրականացումը՝ համաձայն տվյալ երաշխավորությամբ ապահովված պարտավորության սահմանված գրաֆիկի

• երաշխավորություն տրամադրելիս ուշադրություն դարձնել տվյալ անձի վարկային պատմությանը և վերջինիս վարքագծին՝ որպես վարկառու

 հաճախակի չդիմել նոր վարկերի ստացման համար՝ բացառելով նոր վարկային հարցումների բացասական ազդեցությունը սքոր գնահատականի վրա